ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱՅՐԸ

ՄԱՅՐԸ
02.12.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

-Լսիր, այս ո՞ւր ենք գահավիժում: Կինս պատմում է, որ իրենց մանկատունը լեփ-լեցուն է մանուկներով: Այդ մայր կոչվածները ծննդաբերությունից հետո երեխային հիվանդանոցում թողնելով, փախչում են: Այսպես ո՞ւր ենք հասնելու, հետո էլ պարծենում ենք, թե արիացիներ ենք, մեր Քարահունջի աստղադիտարանը ամենահինն է աշխարհում, որ մենք ենք առաջինը երկաթ ձուլել։
-Վերցրու բաժակդ և խմիր: Նման հոռետեսությունը միայն ախորժակիդ վրա կազդի: Մեր պապերն իզուր չէին ասում, որ հացը միայն ուրախության սեղանին է լավ մարսվում:
-Խմեմ, բայց այսպես շարունակել չի լինի, ազգովին դեգրադացիա ենք ապրում:
-Այո, համաձայն եմ, կոմունիստներն ասում էին, չէ՞, որ անառակության, բարոյազրկության հիմքերը սոցիալական են: Տեսնո՞ւմ ես, երկրի անբարո կառավարումը մեզ ուր է տանում: Գործազրկությունը, վաղվա օրվա հանդեպ անորոշությունը այն գործակիցներն են, որոնք նույնիսկ մայրական սրբագույն բնազդին են հարվածում:
-Ի՞նչ ես առաջարկում:
-Առաջարկում եմ, որ հաջորդ ընտրություններին աչքերդ չփակես անարդարությունների հանդեպ, եթե, իհարկե, մտածում ես մանկատան մանուկների և ընդհանրապես այլ արժեքների մասին:
-Ի՞նչ ես առաջարկում, ես է՞լ քեզ նման գործազուրկ դառնամ: Ընտրություններին իրենց նկարած տոկոսը չապահովեցի, անմիջապես մի բան կգտնեն վրաս և աշխատանքից կազատեն: Ես է՞լ բռնեմ պանդխտության ճանապարհը, տարիքս այն չէ:
-Ճանապարհը թող եկվորները, մեր երկիրը թալանողները բռնեն, իսկ դու մեզ կմիանաս, որպեսզի օր առաջ այս վիճակից դուրս գանք:
-Այնպես դուրս բերեցիր, որ մանկատան որբուկների ճակատագիրն ինձ վստահված ընտրատեղամասում է կանխորոշվում: Այսքանից հետո էլ բերանովս բա՞ն կգնա:
-Մնացածներն էլ ճիշտ քեզ նման են մտածում, և երկիր ենք կորցնում: Խմիր և որպեսզի մեղքը ամբողջությամբ վրադ չվերցնես՝ մի պատմություն պատմեմ մոր մասին: Տարիներ առաջ ընկերներիցս մեկն աշխատում էր Ապարանի շրջանում որպես տեղամասային տեսուչ: Ապարանի սովխոզը Նոր տարվա նախօրեին անասուններ է դուրս գրում, որ մորթեն և վաճառքի հանեն շրջկենտրոնի տարբեր թաղամասերում: Բեռնատարներից մեկի վրա երկու կով են բարձում։ Սովխոզի տնօրենը կարգադրում է, որ մսի վաճառքը կազմակերպեն շրջկենտրոնի հյուսիսային հատվածում: Վարորդը և մսագործը, տեղ հասնելուն պես, բեռնատարի թափքից իջեցնում են երկու կովերից մեկը և անցնում են իրենց աշխատանքին: Մորթելու ժամանակ երկրորդ կովը սկսում է կատաղի պոզահարել թափքը: Մորթն ավարտելուց հետո, երբ թափքը բաց են անում, տեսնում են, որ այն դատարկ է: Պատկերացնո՞ւմ ես, ԶԻԼ-130 բեռնատարի թափքը, որքան բարձր է, չհաշված, որ վարորդն էլ ծավալը մեծացնելու համար այն չորս կողմից երեքական տախտակով բարձրացրած է լինում: Մի խոսքով, կովը, գերբնական ուժով հաղթահարելով այդ բարձրությունը, ցատկում, փախչում է:
-Անհավանական պատմություն է, եթե նույնիսկ կարողանար այդ բարձրությունից ցատկել, ոտքերը տեղում կկոտրեր:
-Չեմ կարող ասել, Ապարանի առատ ձյան շե՞րտն է օգնում, թե՞ մեկ այլ գերբնական ուժ, փաստն այն է, որ կենդանին հաղթահարելով մեկմետրանոց ձյունը՝ բարձրանում է սարն ի վեր: Վարորդն ու մսագործը հետքերով փորձում են գտնել կովին, բայց ապարդյուն, ձյան հաստ ծածկույթը չի թողնում առաջ գնալ։ Սկսված բուքն էլ մյուս կողմից է խանգարում: Սովխոզի տնօրենը, վարորդի և մսավաճառի պատմությանը քեզ նման չհավատալով, միլիցիա դիմում է գրում գողության վերաբերյալ:
-Ե՞վ…
-Առավոտյան տեղամասային տեսուչի հետ, կովի հետքերով, մի կերպ սարն են բարձրանում և գտնում են փախստականին, ձյան հաստ շերտի մեջ, իր նոր ծնված հորթուկին փարված: Այնպես որ, մանկատան որբուկների համար միայն դու չես պատասխանատու: Մայր էլ կա, մայր էլ…
-Ցանկանում ես ասել, որ կենդանու չա՞փ էլ չկանք:
-Իհարկե, չկանք, որ լինեինք՝ այս վիճակին չէինք հասնի:
Ընկերոջս հետ ընթրիքը չստացվեց. չգիտեմ ե՞ս էի մեղավոր, թե՞ իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք:

Դիտվել է՝ 1984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ